Ջիվանու տուն-թանգարանի բացմանն ընդառաջ
Աշուղների աշուղ, պոետ աշուղների մեջ և աշուղ պոետների մեջ: Ժամանակի մեծագույն փիլիսոփա ու մտածող, նրա յուրաքանչյուր տող արդիական է ու այդպես է լինելու միշտ: Մարդ, որը կյանքի համալսարանն էր ավարտել, չէր կրթվել, ինչպես եվրոպական ԲՈՒՀ-երում սովորած ժամանակակիցները: Նրա խեղճ բլուրը ոչ ոքի բարձր սարին վնաս չէր. խոսքը Ջիվանու մասին է:
Ամեն տարի հունիս ամսի երկրորդ կեսերին, Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում (Ախալքալաքի շրջան) մեծ շուքով նշվում է ժողովրդական երգչի օրը։ Սակայն այս տարի «Ջիվանու օրվա» տոնակատարությունները նշվելու են օգոստոսի 27-ին, նաև այս տարվա տոնակատարությունները տարբերվելու են նախորդ տարիներին անցկացված միջոցառումներից. Ջիվանու 170-ամյակի շրջանակներում տեղի է ունենալու Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողություն, ինչպես նաև առաջին անգամ կազմակերպվելու է «Աշուղների մեջլիս»:
Տուն-թանգարանի կառուցման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ: Թանգարան դարձնելու նպատակով Ջիվանու հայրական տունը հիմնադրամին նվիրաբերել է Կարծախ գյուղի զավակ Սպարտակ Բանգոյանը: ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ մի քանի անգամ Կարծախ է գործուղվել համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը։
Տուն-թանգարանը բաղկացած է ցուցասրահից և թանգարանային մասից, որտեղ ծնվել և ապրել է աշուղը: Այդ հատվածում ներկայացված են լինելու գյուղատնտեսական գործիքներ, կճուճներ, որոնք պատկանել են հենց Ջիվանուն և նրա ընտանիքի անդամներին: Այժմ արդեն ընթանում են ցուցանմուշների տեղափոխման և ցուցադրության կազմակերպման աշխատանքները:
Կարծախցիները, ովքեր հայտնի են իրենց լավ ձայնով, հաճախ են տանը, աշխատանքի ընթացքում հիշում տաղանդավոր կարծախցու երգերը, հատկապես «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»-ը: Նրանք նշում են, որ Ջիվանու բոլոր ստեղծագործություններն անգին գոհարներ են:
Այսօր Կարծախն ունի 550-600 բնակիչ:
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին:
Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից: