Տիգրան Համասյանի և նորվեգացի երաժիշտների նոր ալբոմը կթողարկվի մի քանի օրից
Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր և ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի և երեք նորվեգացի երաժիշտների՝ Արվե Սենրիկսեն, Էյվինդ Արսենթի և Յան Բանգի նոր ալբոմը՝ «Atmosphères», կթողարկվի մի քանի օրից: Այս մասին տեղեկանում ենք Տ.Համասյանի ֆեյսբուքյան էջից:
Ալբոմում տեղ գտած ձայնագրությունների 95 տոկոսն իմպրովիզացիաներ են: Ալբոմը ձայնագրվել է երկու օրում Շվեյցարիայի Լուգանո քաղաքի ստուդիաներից մեկում:
Տ.Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել` Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան:
2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների: Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների. 2003 թ.` երրորդ մրցանակի Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին մրցանակների` Jazz a Juan Revelations և Montreux Jazz Solo Piano Competition մրցույթներում: 2005 թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ տեղի, իսկ 2006 թ. առաջին մրցանակների Մոնակոյի ջազային դաշնակահարների և Թելոնիուս Մոնկի (Thelonious Monk) անվան մրցույթներում, որի ժյուրիի կազմում հանդես են եկել Հերբի Հենկոկը, Էնդրյու Հիլը, Դանիլո Պերեզը, Բիլի Թեյլորը և Ռենդի Վեստոնը: 2006 թ.-ից սկսած թողարկել է 4 ալբոմ, 2011 թ.` «Universal Music» ընկերության կողմից լույսընծայվել է «A Fable» ալբոմը: