«Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ի վիրավորներին
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին զննելու համար:
«Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում են կայացնում, վիրահատելու են, թե ոչ», -լրագրողներին ասաց Հովհաննեսի մայրը՝ Լաուրա Հարությունյանը:
Տիկին Հարությունյանն ասաց, որ ինքը վստահում է բոլոր բժիշկներին, բայց իր որդուն պետք է անհապաղ վիրահատել. «Այն, ինչ գիտեմ որդուս մասին, փաստաբանն է փոխանցել: Գիտեմ, որ ոտքի երկաթը հանել են, որը մեծ ցավ էր պատճառում նրան, ծնկի հատվածը ֆիքսացիա է արված գիպսով: Հիմա, մյուս օրերի համեմատ, երևի մեր բարձրացրած ձայների պատճառով էր, որ հասանք այս ամենին», -հայտարարեց տիկին Լաուրան՝ շնորհակալություն հայտնելով բոլորին:
Նա և «Սասնա ծռեր» խմբին բուժօգնություն ցուցաբերելու պահանջով «Դատապարտյալների հիվանդանոցի» դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ սպասում են՝ իմանալու՝ ինչ որոշում են կայացրել բժիշկները: