Հակոբ Սերոբյան. «Մենք չենք արդարանում և չենք ընդունում արդարացումներ»
Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերն անցան պատմության գիրկը, սակայն եկել է ավարտված ստուգատեսին այլ աչքերով նայելու ժամանակը: Քննարկումներ, ափսոսանքներ, լավ ու վատ հիշողություններ, գոհունակություն, դժգոհություններ…
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով՝ նախորդ Օլիմպիադաների ժամանակ եզրափակիչ մտնելու մասին կարելի էր միայն երազել, իսկ այսօր մեր մասնակիցները պայքարում են մրցանակային տեղերի համար: Այս մասին մարզիչը նշել է՝ լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ:
«Ասել, որ անհաջող ենք հանդես եկել, սխալ է: Մենք չէինք գնացել պարզապես մասնակցելու, այլ ուզում էինք հաջողության հասնել, սակայն մարզական բախտն այս անգամ մեզ հետ չէր: Պետք չէ փնտրել մեղավորներ, այստեղ միակ պատասխանատուն ես եմ: Մեղավորությունը վերցնում եմ ինձ վրա, քանի որ այլ հարթակներում մեղավորներ փնտրելը ճիշտ չէ: Մենք չենք արդարանում և չենք ընդունում արդարացումներ: Կային խնդիրներ, որոնք խանգարեցին մեր մարզիկներին և պետք է փնտրել դրանց պատճառները, սակայն, կրկնում եմ, չկան մեղավորներ: Նախորդ Օլիմպիական խաղերին հայ մարմնամարզիկների եզրափակիչ մտնելը երազանք էր համարվում, իսկ հիմա միայն մենք ենք դժգոհ մեզանից»,- ասաց Սերոբյանը:
Անդրադառնալով առանձին մարզիկների մրցելույթներին՝ հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ Մերդինյանը որակավորման փուլում հիանալի կատարեց վարժությունը, սակայն եզրափակչից առաջ դասակի վնասվածք ուներ և չէր կարող բարդ վարժություն կատարել: Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա այստեղ էլ կրկին սպորտային բախտը երես թեքեց և որակավորման փուլում կատարած 2-րդ ցատկի ժամանակ նա վայր ընկավ՝ գրավելով միայն 11-րդ տեղը: Ինչպես իր խոսքը եզրափակեց Հակոբ Սերոբյանը՝ մեդալի համար էին գնացել, բայց չստացվեց: Այժմ հարկավոր է առաջ նայել, վերականգնվել և պատրաստվել նոր ստուգատեսերի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում