Դեսպան Սաջադի. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Եվրասիական տնտեսական միությանը
Իրանը քաղաքական առումով որևէ սահմանափակում չունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ,-Երևանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին:
Դեսպան Սաջադին, գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև քաղաքական համագործակցության մակարդակից, նշել է, որ տնտեսական ոլորտում հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ չէ:
Դեսպանի կարծիքով՝ մուտքի վիզաների վերացումը նոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի զարգացման համար, իսկ Իրանը Հայաստանը կարող է օգտագործել՝ Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու համար:
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերությունների հեռանկարին՝ Իրանի դեսպանը նշել է. «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց բարտերային պայմաններում միշտ էլ երկու երկրները միմյանց աջակցել ու համագործակցել են, և դժվար պահին, երբ Հայաստանը գազի խնդիր ուներ Վրաստանի ուղղությամբ, Իրանը կարողացավ գազ ապահովել Հայաստան: Երկկողմ հարաբերություններն օր օրի զարգանում են, և շատ լավ հեռանկարներ կան»:
Պատասխանելով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համագործակցությանն առնչվող հարցին՝ Իրանի դեսպանը ասել է. «Իրանը միշտ պահպանել է հարևանների հետ հարաբերությունները: Իրանը քաղաքական առումով որևէ սահմանափակում չունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, և օր օրի Հայաստանի հետ հարաբերություններն ավելի կզարգանան: Պետք է ասեմ, որ Իրանում հայերն ու իրանցիներն միմյանց հետ խաղաղ գոյակցում են և որևէ խնդիր չի եղել»:
Այն հարցին, թե Իրանի նախագահի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան, ԻԻՀ դեսպանը ասել է. «Տա Աստված, շուտով կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին