«Յուվենթուսը» դեմ է «A» սերիայի նոր կանոններին
«Յուվենթուսի» մարզական տնօրեն Բեպպե Մարոտտան հանդես է եկել նոր կանոնների դեմ, ըստ որոնց՝ ակումբները պետք է իրենց կազմերում որոշակի քանակով սեփական կադրեր ունենան:
Այս մրցաշրջանի մեկնարկից սկսած՝ Իտալիայի առաջնության բոլոր ակումբները պարտավոր են ներկայացնել 25 հոգուց բաղկացած հայտացուցակ, որում առնվազն 4-ը պետք է ներկայացնեն տվյալ ակումբի ակադեմիան, ինչպես նաև ևս 4 խաղացող, ովքեր «A» սերիայում քիչ են խաղացել: Տեխնիկապես այդ 8 ֆուտբոլիստը կարող են իտալացի չլինել, սակայն կանոնը ներդրվել է հենց տեղի տաղանդավոր խաղացողների զարգացման և լեգեոներների «ճնշումից» ազատվելու համար:
«Այդ կանոնն աշխատում է դիտարժանության դեմ,- Մարոտտայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն:- Մենք փորձում ենք նոր կյանք հաղորդել մեր առաջնությանը, իսկ հետո նման բան է ներդրվում: Դա անմտություն է:
Իտալական ֆուտբոլի զարգացման ներկա պատմական պահին այդ կանոնն իր մեջ բացասական շատ բան է կրում, որովհետև սահմանափակում է հանդիսատեսի հետաքրքրությյունը ֆուտբոլի նկատմամբ»:
Ավելացնենք, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ներդրված համանման կանոնի պատճառով «Յուվենթուսն» ստիպված է լինելու իր խաղացողին՝ Էռնանեսին հանել Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: