Ամոյանն ու Բորանյանը կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը
Հայաստանի լավագույն ըմբիշները վերջին տարիներին իրենց համեմատաբար հանգիստ շրջանն ակտիվացնում են տարբեր երկրների թիմային առաջնություններում հանդես գալով: Մասնավորապես՝ մեր լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Ամոյանը վերջին տարիներին մեծ հաջողությամբ հանդես են եկել Գերմանիայի թիմային առաջնությունում՝ իրենց թիմերի հետ ոչ մեկ անգամ նվաճելով մրցանակներ: Անցյալ տարի Հնդկաստանի թիմային առաջնությունում լավ մրցելույթներ ունեցավ ազատ ոճի ըմբիշ, գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այս տարի Հայաստանի առաջատար մրցավարներից մեկի՝ Ալի Դոլաթխայի աջակցությամբ, փորձառու, բազմատիտղոս, 59 կգ քաշային Ռոման Ամոյանն ու 71 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության առաջնությանը: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի երկու անդամներն էլ Իրանի ակումբային առաջնության առաջին փուլում, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը, հանդես կգան Իզե քաղաքի համանուն թիմի կազմում: