Հարություն Մերդինյան. «Ուժերս սպառվել էին, մարմինս կառավարել չէի կարողանում»
Երկար դադարից հետո անկախ Հայաստանի մարմնամարզությանը նոր շունչ հաղորդած Հարություն Մերդինյանից սպասելիքները մեծ էին Ռիոյի Օլիմպիական խաղերում: Նա կարող էր կատարել իր առջև դրված առաջադրանքը, սակայն մի կողմից դաստակի վնասվածքը, մյուս կողմից հոգեբանական լարվածությունն իրենց գործն արեցին և հայ մարզիկը Ռիոյում գրավեց միայն 7-րդ տեղը:
Լրագրողների հետ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Մերդինյանը խոսեց այն մասին, թե ի վերջո ի՞նչն իրեն խանգարեց ավելի լավ հանդես գալ, քանի որ ակնհայտ է, որ հայ մարմնամարզիկն ավելի լավ արդյունք կարող էր գրանցել:
«Չգիտեմ ինչ կատարվեց: Եզրափակչում լավ չկատարեցի վարժությունս: Ուժերս սպառվել էին, մարմինս կառավարել չէի կարողանում: Մտածում էի, որ գոնե վարժությունը մինչև վերջ կարողանամ կատարել: Խնդիրն անքան էլ վնասվածքի հետ կապված չէր, լարվածությունն էլ մի կողմ թողնենք, պարզապես գերհոգնածություն էի զգում»,- ասաց Մերդինյանը:
Մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը, ով չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, նշեց, որ վնասվածքն իրեն ևս չի խանգարել և եզրափակչում չհայտնվելու փաստն արձանագրեց որպես մարզական անհաջողություն՝ հույս հայտնելով, որ հետագայում իրենք այս առումով ավելի հաջողակ կլինեն: