Օրագրերի վրա հայտնված լուսանկարները ԿԳՆ-ն չի վերահսկում
Հայաստանում արտադրվել և շուկայում են հայտնվել Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու լուսանկարներով օրագրեր: Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով իր էջում դրանց մասին վկայող լուսանկարներ է հրապարակել:
Հայ արտադրողի կողմից լույս տեսած նման օրագրերի՝ շուկայում ի հատ գալը խիստ դժգոհություն է առաջացրել դպրոցական երեխաներ ունեցող շատ ծնողների մոտ:
Panorama.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից փորձեց պարզել, այդյո՞ք նախարարությունը շուկան վերահսկելու լիազորություն ունի և ընդհանրապես վերահսկվու՞մ է այն, թե՞ ոչ:
ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նախարարությունը նման լիազորություն չունի:
Հարցին, թե դպրոցների տնօրենների կողմից զգուշացում կամ նման լուսանկարներով օրագրերի օգտագործման արգելք չպետք է լինի, նա պատասխանեց. «Պատկերացնում եք, ծնողը գնացել է շուկա, այդպիսի նկարներով օրագրերն ու տետրերը ավելի էժան են եղել, ծնողը գնել է դրանք, աշակերտը դրանցով գալիս է դպրոց, որտեղ նրան ասում են՝ դրանք չեն անցնում և պետք է նորը գնել: Ծնողն այս պարագայում կանգնում է կրկնակի ծախսի առջև: Այստեղ հասարակության մշակույթի խնդիրն է ավելի առաջնային լինելու, ծնողը չպետք է գնի և երեխային էլ զգուշացնի նման լուսանկարներով օրագրեր չգնելու մասին: Այստեղ հասարակական վերահսկողությունն ավելի կարևոր է, քան՝ գերատեսչականը»:
Նշենք, որ շուկայում այլընտրանք գոյություն ունի և նման օրարգերի փոխարեն աշակերտների ձեռքի տակ կարող են հայտնվել հայ հերոսների և մշակութային գործիչների լուսանկարներով օրագրեր:
Լուսանկարները՝ ֆեյսբուջյան օգտատիրոջ էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները