Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը կներկայացվի 2017-ին
Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի 2017-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ռեժիսորը:
«Ֆիլմը նկարահանվել է, մոնտաժվում է, հաստատ 2017-ի գարնանը կամ աշնանը կներկայացվի»,- ասել է նա՝ հավելելով, որ ֆիլմի վրա աշխատանքները նախատեսված են ավարտել կես տարուց: Նա նաև հայտնել է, որ արտասահմանյան 5-6 ընկերություն հետաքրքրված է ֆիլմով:
Ռեժիսորն ընդգծել է, որ ֆիլմը կենսագրական չէ, ավելի շուտ՝ «հարգանքի տուրք՝ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր մարդկանց», երբ ապրել է Դովլաթովը: Սյուժեի հիմքում ընկած է «գրողի կյանքից հորինված մի հատված»:
Գերման-կրտսերը նշել է, որ ֆիլմի ստեղծման աշխատանքների ընթացքում մշտապես կապի մեջ է եղել գրողի կնոջ և դստեր հետ, որոնց հետ քննարկվել է սյուժեն և գխավոր դերի համար դերասանի ընտրությունը: Նա հրաժարվել է նշել գլխավոր դերակատարի անունը ֆիլմի պրոդյուսերի խնդրանքով, ով ցանկանում է հայտարարել այդ մասին մոտակա ժամանակներում:
Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Նրա հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում: 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում:
Այս տարի սեպտեմբերին նախատեսված է մի շարք միջոցառումներ՝ նվիրված գրողի 75-ամյակին: