Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքները գտնվում են տեխնոլոգիական դադարի փուլում
Panorama.am-ը օգոստոսի 16-ի գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքների վերաբերյալ:
Մեր հարցերն էին.
1. Ինչ ուսումնասիրություններ են արվել ու ինչ՝ որմնանկարի վերականգնման համար անհրաժեշտ տեղեկություն եք պարզել։
2. Ստացել եք արդյոք ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցները։
3. Որքան կտևի վերականգնման աշխատանքները և երբ կսկսվեն դրանք։
4. Ով է իրականացնելու։
5. Եթե սույն հիմնադրամի միջոցները չլինեին, արդյոք այլ՝ պահուստային միջոցներ, չկան որմնանկարը փրկելու։
Պատասխանն առանց խմբագրական միջամտության՝ ստորև.
«Վերջին տարիներին պետական և ոչ պետական ֆինանսավորմամբ՝ վերականգնվել է 9 որմնանկար։ Ներկայում ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի օժանդակությամբ՝ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը իրականացնում է Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, մասնակի վերականգնման և տեղափոխման աշխատանքները։ Ֆինանսական միջոցները տրամադրվում են աշխատանքներն իրականացնող հիմնադրամին՝ վերջինիս հետ կնքված պայմանագրի վճարման ժամանակացույցի համաձայն՝ յուրաքանչյուր փուլի ավարտից հետո։
Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի «Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը որպես նվիրատվություն ընդունելու «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, այն տեղափոխելու և վերականգնելու» մասին N 421 – Ն որոշման համաձայն «Քարհատ» մեքենա» ՓԲԸ ճաշարանի շենքում գտնվող որմնանկարը կտեղափոխվի նույն մարզում գտնվող հանրության համար ավելի մատչելի վայր՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Տեղեկացնենք, որ որմնանկարը պատկանել է «Քարհատ» մեքենա» ՓԲԸ, որի համասեփականատերերը, ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած քայլերի արդյունքում, բարի կամքի դրսևորմամբ, որմնանկարը նվիրաբերել են Հայաստանի Հանրապետությանը։
Արդեն ավարտվել են որմնանկարի վերականգնման աշխատանքների 1-ին և 2-րդ փուլերը։ Այժմ որմնանկարն առանձնացված է պատից և վերականգնման մեթոդի համաձայն՝ որմնանկարի վերականգնման աշխատանքները գտնվում են տեխնոլոգիական դադարի փուլում, որից հետո կմեկնարկեն 3-րդ՝ ավարտական փուլի աշխատանքները»։