Ձրի էլ տաք որևէ իրեն հարգող երկրի, չի վերցնի այս լոգոն. Հաղթանակ Շահումյան
«Սա ի՞նչ է: Սա հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի հետ որևէ կապ ունի՞: Իմ կարծիքով՝ ոչ: Մեր պետությանը վայել չէ սա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը՝ խոսելով Հայաստանի ազգային բրենդի (լոգո և կարգախոս) մասին, որն ամերիկյան GK Brand ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանը ներկայացրել էր LinkedIn ցանցի իր էջում:
Ըստ նրա, հայ ժողովուրդն աշխարհի հնագույն երկրներից է, հազարամյա մշակույթ ու պատմություն ունի, և աշխարհին նման լոգոտիպով ներկայանալն անընդունելի է:
«Սա ոչինչ չասող մի լոգո է: Կոչ եմ անում, որ մենք այս հարցին լուրջ վերաբերվենք»,- ընդգծեց նկարիչը՝ հավելելով, որ Հայաստանում կան հրաշալի մշակութային գործիչներ, նկարիչներ, ովքեր կարող են լոգո ստեղծել հայ ժողովրդի համար:
Ասուլիսին ներկա ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը ներկայացված լոգոն անհեթեթություն է համարում.
«Ի՞նչ է լոգոն: Խորհրդանիշ: Հայերին բոլորը Արարատով են ճանաչում: Ի՞նչ է նշանակում նոր լոգո ստեղծել: Այսինքն մեզ հեռվացնում են մեր ազգային ծրագրերից, իրականությունից: Ի՞նչ է՝ ուզում են Արարատն ինքնակամ տանք թուրքին:
Սա մեր հոգևոր մշակույթը ոչնչացնելու քայլերից է: Ձրի էլ տաք որևէ իրեն հարգող երկրի, չի վերցնի այս լոգոն: Լոգոն պետք է կերպար ունենա, անմիջապես ընկալվի, վերարտադրվի: Ինչքան էլ ցանկանաք՝ չեք կարող սա հիշել ու վերարտադրել»:
Ըստ Հ. Շահումյանի, Ազգային ժողովում պետ է լուրջ քննարկման առարակ դառնա, Հանրային խորհուրդը պետք է առաջին աղմուկ հանողը լիներ: