«Համահայկական մեկ ընդհանուր տարածքի մասին պետք է մտածենք, ինչպիսիք են CNN-ը, Google-ը». սփյուռքի նախարար
Բարձր տեխնոլոգիաների և համացանցի հնարավորությունները պետք է օգտագործել՝ սփյուռք-հայրենիք կապերն ամրացնելու համար: Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովի ժամանակ իր բացման խոսքում նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Նախաձեռնելով նմանատիպ գիտաժողով՝ մեր հիմնական խնդրանքը, պատգամը պետք է լինի մասնագետներին, որ նրանք նախ և առաջ համահայկական մեկ ընդհանուր տարածքի մասին մտածեն, ինչպիսիք են CNN-ը, Google-ը: Մեր մասնագետները պետք է հայոց լեզվի, հայագիտական առարկաներին նվիրված ուսուցողական կայքերն ավելի ընդլայնեն ու մեծացնեն»,-նշեց նախարարը:
Նա կարևորեց նաև ապատեղեկատվության և թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարը, որպեսզի պատմությունն ու իրականությունը թույլ չտան կեղծել:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիրմոյանն էլ ընդգծեց, որ «Հայկական աշխարհը համացանցում» թեման մշտապես հետաքրքրել և հետաքրքրում է. «Վերջին տարիների բավականին մեծ աշխատանք է արվել թե սփյուռքի նախարարության, թե ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից: Մենք բավականին թվայնացված նյութ ունենք այսօր և այդ գործընթացը շարունակվում է, քանի որ անընդհատ նոր նյութեր թվայնացնելու անհրաժեշտություն կա»:
ԵՊհ ռեկտորը սփյուռքի հայ համայնքներից առանձնացրեց Սոչիի, Դոնի Ռոստովի և Լիբանանի հայագիտական կենտրոնների կատարած աշխատանքը և նրանց հետ համագործակցության հաջողությունը, սակայն ցավով հավելեց, որ շատ հայ համայնքներում նյութի հավաքման գործում խնդիր կա, համայնքները շատ վայրերում չունեն մտավոր այն հնարավորությունները կամ ցանկությունը՝ այդ գործով զբաղվելու:
«Մեզ համար առանջնակարգ նշանակություն ունի քաղաքական հայագիտության բազայի ստեղծումը կամ թվայնացումը: Դա նախ և առաջ անհրաժեշտ է մասնավորապես թուրքական և ադրբեջանական աբյուրների և մասնագետների ապատեղեկատվության դեմ հնարավորինս արագ արձագանքման և պայքարի համար»,-մատնանշեց ռեկտորը:
Նշենք, որ «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը տեղի կունենա այսօր և վաղը՝ «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում», «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում» թեմատիկ քննարկումներով: