ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է գրեթե 154 մլն դոլարով
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2016թ-ի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները:
Դրանց համաձայն` ապրանքների արտահանման ծավալը տվյալ ժամանակաշրջանում կազմել է 817 մլն դոլար: Միևնույն ժամանակ ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան ՍԻՖ գներով կազմել է 1մլրդ 457 մլն դոլար: Ամփոփված ցուցանիշների համաձայն` արտաքին առևտրի հաշվեկշիռը տվյալ ժամանակահատվածում եղել է բացասական և կազմել է գրեթե 640 մլն դոլար:
ԱՎԾ տվյալների համաձայն` 2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ արտաքին պետական պարտքն աճել է գրեթե 154 մլն դոլարով և կազմել է 4 մլրդ 470 մլն դոլար: Միևնույն ժամանակահատվածում Հայաստանի համախառն միջազգային պահուստները կրճատվել են 205 մլն դոլարով և կազմել են 1մլրդ 566 մլն դոլար:
2016թ-ի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի աճի տեմպը կազմել է 104,4 տոկոս: ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2016թ-ի առաջին եռամսյակում կազմել է 898 232,6 մլն. դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 56 414,8 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 6,3%: Նույն ժամանակահատվածում ՀՆԱ աճի տեմպը` 104,4% գերազանցել է գյուղատնտեսության աճի տեմպը` 103,8%:
Սպառողական գների ինդեքսը 2016թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 98,3%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 105,1%-ի դիմաց: Գրանցված գնանկումը պայմանավորված էր պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ու ոչ պարենային ապրանքների համապատասխանաբար՝ 96,4% և 97,0% գնանկմամբ: Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 102,4%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 103,9%-ի դիմաց: