Կառավարությունը մտադիր է նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների քանակը և ստեղծում է նոր մարմին
Այսօր կառավարության նիստում հաստատվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ –ի հետ քննարկումներ են արվել դեռևս 2013-ին, հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո:
«Որպես հեռահար ռազմավարական նպատակ նախատեսում ենք նաև նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենսդրությունների քանակը: Ուզում եմ ընդգծել, որ հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման հիմնադրամի աջակցությամբ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ԱՄՆ միջազգային զարգացման հիմնադրամը քանի՞ տարի է ֆինանսավորելու հիմնադրամի գործունեությունը և արդյոք այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ ֆինանսական բեռ չի՞ առաջանա կառավարության վրա, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Միջազգային զարգացման հիմնադրամը ֆինանսավորելու է երկու տարի: Ինչ վերաբերում է հետագային, ապա Հովհաննիսյանի խոսքով, իր բանակցությունները միջազգային կառույցների հետ թույլ է տալիս ասել, որ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն:
Նշենք, որ ըստ նախագծի՝ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Արդարադատության նախարարությունը, իսկ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում Տիգրան Մարկոսյանը:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ պետական հիմնադրամը կգրանցվի ԱՆ-ի կողմից, իսկ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը:
Ըստ որոշման նախագծի, հիմնադրամի նպատակն է ՀՀ կարգավորիչ քաղաքականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգացմանը աջակցելը, ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը, իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը, գործող օրենսդրության վերլուծությունը և այլն: