Պերմյակովի պատիժը կրելու հարցը պետք է լուծվի կողմերի միջև պայմանագրերի հիման վրա. ԱՆ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի հետագա կրման վերաբերյալ Panorama.am-ի հարցմանը Արդարադատության նախարարությունից պատասխանել են հետևյալը.
«Վ. Պերմյակովի նկատմամբ կայացված դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ և հետևաբար դեռևս ենթակա չէ կատարման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել, իսկ նույն օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննիչ բողոք բերելու ժամկետը մեկ ամիս է:
Եթե կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտված անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանը այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելու որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը։
Հարկ է նշել նաև, որ օտարերկրա քաղաքացիների պատժի կատարման առնչությամբ առկա են նաև ՀՀ միջազգային պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային պայմանագրերով:
ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը պարունակում է ազատազրկման ձևով պատիժը կրելու հետ կապված կարգավորումներ, ինչպես նաև առկա են մի շարք բազմակողմ պայմանագրեր, որոնց շրջանակներում էլ պետք է լուծվի ազատազրկվածի պատիժը կրելու հարցը»:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի գործով ՌԴ-ն պատասխանատու է դատական ակտ կայացրած երկրի առջև. Փաստաբան
- Պատասխանատվության չենթարկվեցին այն առողջ մարդիկ, ովքեր հիվանդ մարդու ձեռքը զենք էին տվել. Պերմյակովի գործ
- Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»
- Դատարանը շրջանցեց Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հատվածը
- Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան