«Հաց բերող» Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը դարձյալ հետաձգվել է
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը, բայց դարձյալ հետաձգվել: Դեռևս օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած նիստում դատավորը մեղադրյալի վերաբերյալ գործի նյութերի առնչությամբ հարցեր էր տվել գործը վարող քննիչին և հսկող դատախազին, և նիստը հետաձգվել էր: Նույնը շարունակվել է նաև այսօրվա նիստում:
«Նման բովանդակությամբ հարցեր էր տալիս դատավորը՝ արդյոք դատարանը կարո՞ղ է կատարել այն հետևությունը կամ փաստել այն իրողությունը, որ Արթուր Սարգսյանի վիճակը թեթևացվել է այս նոր մեղադրանքով: Արդյոք դուք ընդունո՞ւմ եք, որ օժանդակելը ավելի թեթևացնում է Արթուր Սարգսյանի վիճակը նախորդ մեղադրանքի համեմատ: Ինձ թվում է՝ դատախազն ու քննիչն էլ էին տարակուսած դատավորի հարցերից: Ասեմ, որ այդ հարցերի համար ես դատավորին առարկություն ներկայացրի: Այդ հարցերի համար մարդուն լրացուցիչ անազատության մեջ չեն պահում, նիստեր չեն հետաձգում», -նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:
Ներկայացնելով նիստում տեղի ունեցածը, Եգորյանն ասաց, թե քանի որ դատավորը երկար ընթերցում էր և փորձում էր հասկանալ մեղադրյալին առաջադրված առաջին, հետո երկրորդ՝ փոփոխված մեղադրանքների տարբերությունները, Արթուր Սարգսյանը ինքը պարզաբանեց, թե որն է դրանց տարբերությունը:
«Հուսանք՝ բոլորը ամեն ինչ հասկանում էին և հասկացան, և վաղը կունենանք գոնե մեկ նորմալ դատական ակտ», -փոխանցեց փաստաբանը՝ նկատելով, որ օգոստոսի 26-ին դատարանը կներկայացնի որոշումը:
Արթուր Սարգսյանին, որը մի քանի մասնագիտությունների հետ ստացել է նաև իրավաբանական կրթություն, «Սասնա ծռերին» հաց հասցնելու համար կնքել են «հաց բերող» անունով:
Նշենք, որ օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանին, որը ՊՊԾ գնդում գտնված «Սասնա ծռերի» անդամներին ընդամենը սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ «ծռերին»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Սակայն օգոստոսի 4-ին փոխվել էր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար:
«Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառել են կալանք 218-րդ և 235-րդ հոդվածներով նախատեսված արարքներին առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր կասկածը հաստատվելու և կալանքի համար անհրաժեշտ և բավարար հիմքերը գնահատելու արդյունքում: Բայց հիմա փոխվել է մեղադրանքը, և այս նոր մեղադրանքով ներկայացված հանցավոր արարքներին Արթուր Սարգսյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը չի քննարկվել: Ամբողջը, որ պետք է դատարանը անի այն է, որ ներկայացված թղթերը կարդա ու վերացնի այն դատական ակտը, որի հիմքերը վերացել են», -բացատրեց փաստաբան Եգորյանը:
Ինչ վերաբերում է զինված խմբին օժանդակելու մեղադրանքին, պարոն Եգորյանն ասաց, որ Արթուր Սարգսյանն իրեն այդ մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:
Հարակից հրապարակումներ`
- Վերնիսաժում արագորեն վաճառվեցին «հաց բերող» Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը
- Հաց բերող Արթուր Սարգսյանի ձեռքի գործերը կվաճառվեն «Վերնիսաժում»
- «Ամոթ ա, հաց բերողին չեն ձերբակալում». Արթուր Սարգսյանի ընկերներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան