Խոսեպ Գվարդիոլա. «Հարտը լեգենդ է, բայց ես չեմ կարող երջանիկ դարձնել բոլոր խաղացողներին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ստյաուայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպումից (1։0) հետո շեշտել է, որ Ջո Հարտն առաջվա պես թիմի ֆուտբոլիստն է։ Գվարդիոլայի խոսքերով՝ ինքը չի կարող երջանիկ դարձնել բոլոր ֆուտբոլիստներին, որովհետև մեկնարկային կազմը պետք է բաղկացած լինի ընդամենը 11 հոգուց։ Հարտը ռումինական թիմի հետ խաղում այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց մեկնարկային կազմում։
«Թիմում ես եմ որոշումներ կայացնում,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դրանց մի մասը կարող է դուր գալ, մյուս մասը՝ ոչ։ Բայց գլխավորն այն է, որ ես փորձում եմ ազնիվ լինել ոչ միայն Հարտի, այլև մյուս բոլոր ֆուտբոլիստների հետ։ Ջոն առաջվա պես «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստն է, և ես ուրախ եմ, որ այսօր նա խաղաց բարձր մակարդակով։ Նա ակումբի լեգենդն է, հենց նրա շնորհիվ է այս թիմն այնպիսին, ինչպիսին կա։ Ես կուզեի, որ իմ որոշումները գոհացնեն բոլորին, բայց դա անհնար է։ Թիմում 28 ֆուտբոլիստ կա, և նրանցից միայն 11-ը պետք է խաղադաշտ դուրս գա հիմնական կազմում»։