Պիկեն ծաղրել է «Ռեալին»
Կատալոնյան «Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն բաց չի թողել մադրիդյան «Ռեալին» ծաղրելու հնարավորությունը՝ կապված անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում «Արքայական թիմի» անցած ճանապարհի հետ։ Ֆուտբոլիստը դա արել է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի վիճակահանության նախօրեին։
«Կուզեի հայտնվել թեթև խմբում։ Փլեյ-օֆֆում նախ խաղալ Իտալիայի 3-րդ թիմի, քառորդ եզրափակչում՝ Գերմանիայի 8-րդ ակումբի, իսկ կիսաեզրափակչում՝ Անգլիայի 4-րդ թիմի հետ։ Եվ թող այնպես լինի, որ բոլոր պատասխան խաղերն անցկացնենք տանը»,- գրել է Պիկեն իր թվիթթերյան էջում։
2015-2016 թթ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալը» խաղացել է «Մալմյոյի», Դոնեցկի «Շախտյորի» ու ՊՍԺ-ի հետ, իսկ փլեյ-օֆֆում՝ հաջորդաբար «Ռոմայի», «Վոլֆսբուրգի» ու «Մանչեսթեր Սիթիի»։ Եզրափակչում «Ռեալը» հաղթել է «Ատլետիկոյին»։