Կաննավարո. «Հուսով եմ «Յուվենթուսի» հետ նույն խմբում չեն հայտնվի «Ատլետիկոն» և «Տոտենհեմը»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կաննավարոն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իր նախկին թիմի` «Յուվենթուսի» շանսերի մասին` փաստելով, որ այս ստուգատեսում հաղթելը շատ բարդ է: Տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Իհարկե, «Յուվեն» թարմացրել է կազմը, սակայն Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հաղթելն անհավանական բարդ է: Թուրինյան թիմը սովորություն է դարձրել Իտալիայի չեմպիոն հռչակվելը, բայց Եվրոպայում ամեն ինչ այլ է: Պոգբային փոխարինելը դժվար կլինի, նա ոչ միայն գոլերով ու տեխնիկապես էր ապահովում թիմին, այլև ֆիզիկապես առավելություն էր տալիս: Ինձ դուր է գալիս Իգուաինի ուժը, Դանի Ալվեշի դրայվը, սակայն թիմին պետք է գնահատել նոր հավասարակշռությամբ, որը պետք է գտնի Ալլեգրին: Դրա համար ժամանակ է հարկավոր:
Խմբային փուլում առաջին տեղը գրավելը կարևոր է 2 պատճառով. նախ փլեյ-օֆֆում հանդիպում ես արդեն 2-րդ տեղը գրաված թիմի հետ, իսկ հետո հաղթանակները հաղթանակներ են բերում: Այն, որ «Յուվեն» առաջին զամբյուղում է, դա արդեն առավելություն է: Հուսանք, թիմին բաժին չի հասնի Սիմեոնեի «Ատլետիկոն», որը վերջին տարիներին մեծ առաջընթաց է ունեցել, ինչպես նաև «Տոտենհեմը», որը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասել է Կաննավարոն: