Երգչախմբերի Օլիմպիական խաղերում «Փարոս» երգչախումբն արժանացել է 2 արծաթե մեդալի
Սոչիում հուլիսին կայացել են Երգչախմբերի 9-րդ համաշխարհային խաղերը: Երգչախմբային այս խոշորագույն մրցույթը, որը հայտնի է նաև Երգչախմբերի Օլիմպիական խաղեր անվանմամբ, 2000թ.-ից անցկացվում է INTERKULTUR կազմակերպության կողմից երկու տարին մեկ անգամ հաճախականությամբ աշխարհի տարբեր երկրներում: Այս տարի մրցույթին ներկայացված էր 35 երկիր (Չինաստան, Ավստրալիա, Հորդանան, Գերմանիա, Շվեդիա, Հարավային Աֆրիկա...), իսկ մասնակիցների ընդհանուր թիվն անցնում էր 20000-ից:
Օլիմպիական խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչը «Ունիսոն» ՀԿ-ին կից գործող «Փարոս» կամերային երգչախումբն էր (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Րաֆֆի Միքայէլեան): Լինելով ներառական երգչախումբ (անդամների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երգիչներ են)` «Փարոսը» եզակի էր առհասարակ բոլոր երկրների երգչախմբերի մեջ:
Օլիմպիական խաղերում նախատեսված է մասնակցության 2 տարբերակ` Բաց մրցույթ, որին կարող է մասնակցել ցանկացած երգչախումբ և Չեմպիոնների մրցույթ, որում մրցակցում են միայն միջազգային մրցույթի դափնեկիրները։ «Փարոսն» արժանացել է Չեմպիոնների մրցույթի 2 արծաթե մեդալների «Հոգևոր երաժշտություն a capella» և «Երկսեռ կամերային երգչախմբեր» անվանակարգերում։ Կատարվել են Կոմիտասի, Վ.Սարգսյանի, Ա.Շնիտկեի, Ի.Բրամսի և այլ հեղինակների ստեղծագործությունները։ Ի դեպ, 2014թ. Լատվիայում կայացած 8-րդ Օլիմպիական խաղերում «Փարոսը» կրկին նվաճել էր երկու արծաթ Հայաստանի համար:
Սոչիում հայաստանյան երգչախումբը հանդես է եկել ոչ միայն մրցութային, այլև համերգային ելույթով: Բացի այդ, կայացել է Ռուսաստանի հայերի միության Սոչիի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փարոսի» պաշտոնական ընդունելությունը: Հայրենակիցների սատարումը, ինչպես նաև Սոչիի քաղաքապետի տեխնիկական աջակցությունը կարևոր դերակատարում են ունեցել երգչախմբի հաջողությունների մեջ: Երգչախմբի հաղթանակները հնարավոր են դարձել ՀՀ մշակույթի նախարարության և «Փարոս» Հիմնադրամի (ԱՄՆ) աջակցության շնորհիվ: «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
«Երգչախմբերի հաջորդ` 10-րդ համաշխարհային խաղերը, կկայանան 2018թ.-ին Հարավային Աֆրիկայի Ցվանե քաղաքում: Հուսանք, որ «Փարոսը» հնարավորություն կունենա հերթական անգամ պատվով ներկայացնել Հայաստանը»,-ասված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տարածած հաղորդագրության մեջ: