Սերգեյ Կյուրեղյանը դատարանում հայտարարել է, որ իր գործողությունները արդար են եղել
Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի փաստաբանի բողոքը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ: Միաժամանակ, դատարանը մերժել է նաև խափանման միջոց կալանքը փոխելու և գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը: Այսինքն՝ Սերգեյ Կյուրեղյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այդ մասին նիստից հետո ճեպազրույցում տեղեկացրեց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ դատական նիստում Կյուրեղյանը նույնպես ներկա է, և նա հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում:
«Մասնավորապես, նա խոսեց բժիշկներին պատանդ վերցնելու և պատանդ պահելու մասին: Նա ասաց, որ նման բան չի եղել և թեպետ բժիշկները ինչ-ինչ ցուցմունքներ են տվել, այդուհանդերձ, նա շնորհակալ է բժիշկներին՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: ինչ վերաբերում է իր գործողություններին, նա հայտնեց, որ արդարանալու կարիք չունի, նա արդար է և իր գործողությունները արդար են եղել, և ժողովուրդը Սասնա ծռերին տված իր գնահատականով արդեն իսկ արդարացրել է իրենց գործողությունները», -նիստից մանրամասներ ներկայացրեց Շուշանյանը:
Սասնա ծռերի գործով նախաքննության շրջանակներում, փաստաբանի փոխանցմամբ, Սերգեյ Կյուրեղյանից փորձել են մազի նմուշ վերցնել, սակայն վերջինը ընդդիմացել է և հրաժարվել է նմուշ տրամադրել:
Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանը Կյուրեղյանների ընտանիքի 3-րդ որդին է, որը գտնվում է անազատության մեջ: Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, իսկ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները որպես մեղադրյալներ անցնում են Սասնա ծռերի գործով:
Հարակից հրապարակումներ`
- Կյուրեղյան եղբայրների մոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «ՀԺ»
- Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան
- Կյուրեղյանների մորն այսօր հարցաքննության են հրավիրել
- Հայկ Կյուրեղյանի պահանջը կատարվել է, և նա դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը
- Չի բացառվում` Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է հենց անվտանգությունից ելնելով. Իրավապաշտպան
- Հայկ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է. Հայրը ահազանգ է հնչեցնում
- Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին