Նկարում են լրագրողները
Օգոստոսի 27-ին՝ 14.00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում (Աբովյան 64) կկայանա «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառքի բացումը:
Մուղդուսյան արվեստի կենտրոնի հաղորդմամբ, ցուցահանդեսին մասնակցում են 12 լրագրող հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի:
«Յուրաքանչյուր հինգշաբթի մենք մի քանի ժամ ստեղծագործել ենք միասին, անցկացրել վարպետության դասեր մասնակիցների համար, և վերջապես յուրաքանչյուր հինգշաբթի մեր կենտրոնում լրագրողներն ունեցել են հնարավորություն՝ մոտենալու արվեստին և ծանր աշխատանքային օրվանից հետո նաև լիցքաթափվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրագրողների իսկ առաջարկով ցուցահանդեսի ընթացքում ցանկացողները կարող են գնել ցուցադրվող աշխատանքները, որից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը: