Գյումրիի ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը հայտնի է
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Համբարձումյանը, որը ՔՊ ստեղծած նախաձեռնող խմբի անդամ է: Այդ մասին այսօր ՔՊ Գյումրիի տարածքային կառույցում հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ցուցակի երկրորդ թեկնածուն լինելու Գարեն Սարուխանյանը, ով ուսուցիչ է, իսկ երրորդ թեկնածուն լինելու է դասախոս Ժիրայր Ղալաչյանը: Այնուհետև ցուցակը շարունակում են՝ լրագրող Էմմա Պալյանը, Սերգեյ Տոնոյանը, Լուսինե Առաքելյանը և այլք:
«Նոր փողոցով քայլում էի, մի մարդ մոտեցավ՝ հարցնում է՝ ե՞րբ եք այս երկրում մի բան փոխելու, ես էլ ասացի՝ իսկ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ո՞ր կուսակցության օգտին եք քվեարկելու, սկսեց մտածել՝ ես էլ ասացի՝ քաղաքական մեխանիզմը հետևյալն է՝ դուք փոփոխություն պետք է ակնկալեք նրանից, ում օգտին քվեարկում եք:
Ում օգտին չեք քվեարկելու նրանից փոփոխություն ակնկալելու որևէ առիթ չկա, որովհետև սա է քաղաքական լեգիտիմության հիմնական իմաստը՝ քաղաքացին քվեարկում է, երբ քաղաքացին ակնկալիքներ է ունենում տվյալ քաղաքական ուժից: Քաղաքական ուժը գործելու համար ունենում է այնքան մանդատ, ինչքան քվե ստացել է ընտրություններում», -հայտարարեց Փաշինյանը:
Համամասնական ցուցակը գլխավորող թեկնածու Արթուր Համբարձումյանը հայտարարեց, որ Գյումրիի ընտրությունները լրջագույն քաղաքական իրադարձություներ են:
«Քաղաքական պրոցեսների արդյունքում հաջողության հասած թիմը պետք է լինի անկաշկանդ, որ իշխանություններին կարողանա ասել՝ դուք այս խնդիրները պիտի լուծեք», -հայտարարեց Համբարձումյանը:
Իսկ խնդիրները, ըստ թեկնածուի, շատ են՝ տնակային ավանների առկայություն, գործազրկություն և աղքատություն:
Հարակից հրապարակումներ`
- «Ամբիցիաները խանգարեցին». ԳԱԼԱ-ն Գյումրիի ընտրություններին կմասնակցի միայնակ
- Գյումրիում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվողների կուսակցական որևէ ցուցակում չեմ ընդգրկվելու. Վ. Թումասյան
- «Բարգավաճ Հայաստանը» որոշել է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին
- Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի անունը հայտնի է