Վացկե. «Հիասթափվել եմ Հենրիխ Մխիթարյանից»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին: Վացկեն շեշտել է, որ հայ ֆուտբոլիստն իրենց երբևէ չի ստել, սակայն գերմանական թիմում բոլորը հավատում էին, որ Հենրիխը չի հեռանա: Այս մասին տեղեկացնում է derwesten.de-ն:
«Այնպիսի զգացողություն ունեինք, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»: Իսկ այն լեգենդը, թե իբր չար գործակալն է նպաստել նրա` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը, իրականությանը չի համապատասխանում: Հենրիխը վատ տղա չէ և նա չի ստել մեզ, բայց կան իրավիճակներ, երբ տարբեր մարդիկ տարբեր կերպ են դրսևորում իրենց:
Մխիթարյանից հիասթափվել եմ այն ժամանակ, երբ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում նա չմոտեցավ 11 մետրանոցի նշակետին: Թիմի առաջատարները պետք է ամեն ինչում առաջին շարքերում լինեն»,- ասել է Վացկեն։