Հայ վոլեյբոլիստներն անհաջող են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում
Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը: Մրցաշարին առաջին անգամ մասնակցում են ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղաների և աղջիկների թիմերը: Մեր հավաքականը ներկայացնում են Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Հակոբյան և Անի Հովսեփյան-Վերոնիկա Կոշկարյան զույգերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, աղջիկների առաջնությունում մեր թիմն ընդգրկվել է F ենթախմբում և մրցում է Ռուսաստանի, Իտալիայի և Սերբիայի թիմերի հետ: Առաջին խաղային օրը մեր զույգերը պարտվել են Ռուսաստանի և Իտալիայի թիմերին` միևնույն` 2:0 հաշվով: Վերջին խաղում մեր աղջիկները կմրցեն Սերբիայի թիմի հետ:
Տղաները ընդգրկվել են A ենթախմբում`Լատվիայի, Բելառուսի և Հունաստանի թիմերի հետ: Առաջին հանդիպումը նրանք անցկացրել են Հունաստանի թիմի հետ և պարտվել 2:0 հաշվով: Ապա նոյն հաշվով Բալաբեկյան-Հակոբյան զույգը պարտվել է Բելառուսին: Երեկոյան մեր տղաները կանցկացնեն ենթախմբում իրենց վերջին հանդիպումը` մրցելով Լատվիայի թիմի հետ: