Համայնքապետի թեկնածուներից 21-ը կանայք են
Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին գրանցված համայնքի ղեկավարի 548 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ են 21-ը:
ԿԸՀ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ կանացից 4-ը կպայքարեն Արագածոտնի մարզում, 7-ը` Արարատի մարզում, 8-ը` Արմավիրի մարզում և 2-ը Տավուշի մարզում: Քաղաքային համայնքներում կանայք չեն առաջադրվել:
Կին թեկնածուներից երկուսը գործող համայնքապետեր են՝ Արմավիրի մարզի Արտամետի համայնքապետ ՀՀԿ-ական Անահիտ Դավթյանն ու Արևշատի համայնքապետ ՀՀԿ-ական Սուսաննա Գևորգյանը:
Առաջադրված կին թեկնածուների մեծ մասն աշխատում են գյուղապետարաններում:
Այս տարվա փետրվարին ՏԿԱԻՆ-ի տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանում 915 համայնքապետերից միայն 18-ին են կանայք: Որևէ քաղաք կին չի ղեկավարում:
Հիշեցնենք, որ 18-ին ՏԻՄ հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով:
Հարակից հրապարակումներ`
- Որպես մեղադրյալ, Արայիկ Խանդոյանը կարող է մասնակցել ընտրություններին և հեռակա շփվել ընտրողների հետ
- ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են մերժված թեկնածուները
- ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
- Սորիկ գյուղում թեկնածուներից մեկը կին է, հավաքարար
- ԿԸՀ-ն բաշխել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները