«Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել
«Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն էր: Ներկայացված ֆիլմերն են՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Ջիվան Ավետիսյանը: Ակադեմիայի անդամները պետք է ընտրություն կատարեն:
«Վերջին բնակիչը» Ջիվան Ավետիսյանի Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝«Թևանիկ»-ն էր: Ծագումով Արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ ականատես լինելով իր ընտանիքի և համագյուղացիների դիմակայած դժվարություններին և զրկանքներին: Վերջին տաս տարիների ընթացքում Ջիվանը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր Արցախի մասին՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները:
«Վերջին բնակիչը» իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը:
Նշենք, որ սյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմը պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը և Յանա Դրուզը: Ֆիլմում նկարահանվել են՝ Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:
Սպիտակի երկրաշարժի մասին պատմող Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:
Նշենք, որ հայկական ֆիլմերից Օսկար մրցանակաբաշխության հավակնորդներից են եղել՝ 2002 թ. Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոնկարը, 2010-ին՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը, 2013-ին՝ արցախյան պատերազմի մասին պատմող Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը:
Նշենք, որ «Եթե բոլորն» ընդգրկվել էր «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
- Հայկական որևէ ֆիլմ «Օսկար» մրցանակաբաշխությանը չի ներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում