
Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Լինելով Օրբելյան տոհմի արժանավոր շառավիղը՝ Դուք հաջողությունների եք հասել համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում, վաղուց նվաճել եք նաև խստապահանջ հայ ունկնդրի համակրանքը:
Վստահ եմ, որ վերջերս ստանձնելով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները՝ Ձեր գիտելիքներն ու փորձը կծառայեցնեք հայ օպերային արվեստը նոր մակարդակի բարձրացնելու գործին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: