Պավել Մանուկյանի առողջացումը ռեալ իրականանում է, և նա կարողացել է քայլել. Փաստաբան
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը երեկ իր հիվանդասենյակում կարողացել է քայլել հենակների օգնությամբ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Բժիշկները ասում են, որ պետք է շարժվել, և նա սովորական, ինքն իր քայլերով սկսեց քայլել հենակների օգնությամբ: Աջ ոտքը չի կարողանում շարժել: Բայց մի բան ասեմ՝ ոտքի կարճությունը հիմա օգնում է իրեն, հարկ չի լինում ծալել ոտքը: Իսկ քայլելու ընթացքում ցավեր ասաց, որ չունի: Այսինքն՝ եթե ցավեր էլ ունենար, հաստատ չենք կարող ասել, քանի որ հենց տնքոցի ժամանակ հարցնում ենք՝ ինչ եղավ, ասում է՝ հեչ-հեչ», -ներկայացրեց պարոն Բաղդասարյանը:
Պավել Մանուկյանի ոտքի կարճությունը, ըստ փաստաբանի, 3-4 սմ է, գետնին չի հպվում:
Նրա խոսքով, ինքը տեսնում է զգալի առաջընթաց Պավել Մանուկյանի կազդուրման հարցում. «Ես տեսնում եմ, որ Պավել Մանուկյանի առողջացման պրոցեսը ռեալ իրականանում է: Տեղաշարժվելը նրա համար հոգեբանական խնդիր է նաև, անկողնուն գամված մնալը ծանր ազդեցություն կարող է թողնել նրա վրա: Հիվանդանոցի հերթապահները չկան հիմա և ենթադրենք՝ մարդը ցանկանում է մի բաժակ ջուր խմել, դա արդեն կկարողանա ինքնուրույն անել, իսկ դա արդեն շատ մեծ բան է»:
Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Բաղդասարյանն ասաց, որ Արամը չի կարողանում քայլել, մշտապես պառկած է: «Արամին ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ կվիրահատեն», -ասաց փաստաբանը:
Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում քննվող Սասնա ծռերին վերաբերող քրեական գործին, Բաղդասարյանն ասաց, որ իրենց պաշտպանյալները ցուցմունք չեն տալիս, չեն ընդունում իրենց մեղքը և որևէ քննչական գործողության չեն մասնակցել:
«Մենք խնդիր ունենք, որ իրենք ապացուցեն, որ մեղք ենք գործել», -հավելեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ
- Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
- Բժիշկը մեկնաբանել է Պավել Մանուկյանի ոտքի կարճանալու մասին տեղեկությունները
- Պավել Մանուկյանի ոտքը հնարավոր է կարճանա. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան