Եվրոպայի լիգայում խաղում է մի թիմ, որը փող ու մարզիչ չունի
Ռումինական «Աստրան», որը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է «Վեստ Հեմին» ու մտել Եվրոպայի լիգայի խմբային փուլ, սարսափելի վիճակում է։ Նրա սեփականատերը՝ միլիարդատեր Յոան Նիկուլաեն, բանտում է հայտնվել սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման համար։ Գլխավոր մարզիչ Մարիուս Սումուդիկան մարտի 1-ից զրկված է աշխատանքից անօրինական խաղադրույքներ կատարելու համար։ Նա խաղադրույքներ է կատարել ներքին առաջնության ու եվրագավաթային հանդիպումների վրա, ինչի համար կես տարով դատապարտվել է ազատազրկման ու տուգանվել 25 հազար դոլարով։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։
Ռումինիայի առաջնության 5-րդ տուրից հետո «Աստրան» իր ակտիվում ընդամենը մեկ հաղթանակ ունի և բաց թողած 12 գոլով 14 թիմի պայքարում ընթանում է 11-րդ հորիզոնականում։ Ամռանը թիմից հեռացել է 11 խաղացող, իսկ նրանց փոխարեն ակումբը կարող է ներգրավել միայն ազատ ֆուտբոլիստների, քանզի գումար չունի նույնիսկ աշխատավարձերի համար։