Կվիտովա. «Միշտ անհամբերությամբ եմ սպասում Նյու Հեյվենեի մրցաշարին»
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան մեկնաբանել է ռուս Եկատերինա Մակարովայի նկատմամբ ամերիկյան Նյու Հեյվենեում ընթացող «Premier» մրցաշարի քառորդ եզրափակչում 6։3, 6։1 հաշվով տոնած հաղթանակը։
«Հնարավոր է, որ կորտն օգնեց ինձ,- Կվիտովայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Ես կրկին պատրաստ էի պայքարելու։ Պարզապես գիտեի, որ պետք է կենտրոնացած լինեմ յուրաքանչյուր խաղարկման վրա։ Կարծում եմ՝ այսօր շատ ավելի լավ խաղացի, քան նախկինում։ Մակարովայի հետ նախորդ հանդիպումները բարդ էին։ Դրանցից յուրաքանչյուրում հաղթելու հնարավորություն ունեի, սակայն չօգտվեցի։ Այսօր հերթական լավ խաղն անցկացրեցի։
Միշտ անհամբերությամբ եմ սպասում Նյու Հեյվենեի մրցաշարին։ Այստեղ ամեն բան ինձ շատ է դուր գալիս, քանի որ հանգիստ է։ Ունեմ մի վայր, որտեղ կարող եմ նախաճաշել և ժամանակ անցկացնել հանգիստ մթնոլորտում։ Այստեղ ամեն ինչ կողքիդ է, ընդամենը 10 րոպե պետք է քայլես։ Ամեն ինչ թեթև է, նույնիսկ կորտը։ Իհարկե, հաշվի առնելով այն փաստը, թե որքան հաջող եմ հանդես գալիս, խաղալն ավելի է հեշտանում»։
Նշենք, որ Կվիտովան 3 անգամ հաղթել է Նյու Հեյվենեի մրցաշարերում՝ 2012, 2014 և 2015 թթ.։ Այս անգամ, սակայն, նա չի հաղթի և անընդմեջ երրորդ անգամ չի հռչակվի այս մրցաշարի չեմպիոն. կիսաեզրափակչում Կվիտովայի հաղթարշավը կասեցրեց Ագնեշկա Ռադվանսկան՝ դուրս գալով եզրափակիչ։ Հաղթողի կոչումը նա կվիճարկի ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինայի հետ։