Ռաֆաիլով. «Գլխավորն այն է, որ «ՄՅու»-ի հետ խաղերում տղաների ոտքերը չդողան»
Լուգանսկի «Զարյայի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆաիլովը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Նշենք, որ հաջորդ փուլի ուղեգրի համար Յուրի Վերնիդուբի թիմը կմրցակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», թուրքական «Ֆեներբախչեի» ու հոլանդական «Ֆեյենոորդի» հետ։
«Ստացանք այն մրցակիցներին, որոնց ուզում էինք։ Հենց սկզբից, երբ իմացանք, որ խաղալու ենք խմբային փուլում, և նախագահը, և գլխավոր մարզիչը, և ֆուտբոլիստներն ուզում էին նույն խմբում հայտնվել ամենաուժեղ մրցակիցների հետ,- Ռաֆաիլովի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Այո, խումբը շատ ուժեղ է՝ «Մանչեսթեր Յունայթեդ», «Ֆեներբախչե», «Ֆեյենորդ» և «Զարյա»։
Վիճակահանությունից առաջ մեկ անգամ չէ, որ խոսել եմ ֆուտբոլիստների ու մարզիչների հետ։ Մենք խաղալու ենք ցանկացած մրցակցի դեմ։ Ով էլ որ լինի։ Չենք նայելու կոչումներին։ Այո, հանդիպելու ենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատվում է հարյուրավոր մլն դոլարով։ Ֆուտբոլիստներ, որոնց համար երկրպագուներն աղոթում են աշխարհի շատ անկյուններում։
Ես միայն մեկ ցանկություն ունեմ. գլխավորն այն է, որ տղաների ոտքերը չդողան, երբ նրանք տեսնեն այդ ֆուտբոլային սուպերմեքենան՝ ի դեմս «Մանչեսթեր Յունայթեդի»։ Միայն դրանում վախ կա։ Եթե կարողանանք դիմանալ հոգեբանորեն, կհաջողվի լավ խաղալ առաջին մեծության աստղերի դեմ։ Նման հնարավորություն հաճախ չես ունենում։
Վիճակահանության ժամանակ հանդիպեցի «Ֆեյենորդի» ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցավ բարեկամական մթնոլորտում։ Նույն մարդիկ են, ովքեր նախկինում աշխատում էին այդ ակումբում, երբ նրանց հետ հանդիպեցինք 2014-2015 թթ. մրցաշրջանում։
Գիտենք, թե իրենցից ինչ են ներկայացնում թուրքական ակումբները, և ինչպես են երկրպագում Թուրքիայում։ Նրանց աջակցությունը շատ լուրջ է։
Մենք պետք է գործի մեջ դրսևորենք մեզ։ Սա լավ խումբ է։ Կպատրաստվենք, կխաղանք, կփորձենք ցուցադրել լավագույնը։ Եվ հույս ունենք, որ մրցակցություն կստեղծենք այդ թիմերի համար»։