Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը
Ընկերությունը ներկայացրել է նոր գործադիր տնօրենի կենսագրությունը.
Արթուր Գառնիկի Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։ Այնուհետև սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։
Ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտում: 1996թ.-ից իր աշխատանքային գործունեությունը սկսելով ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, մինչև 2000թ. այդ գերատեսչությունում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:
2000-թ.-ից սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում: 2000թ.-ի հունվարից մինչև 2002թ.-ի մայիսը հանդիսացել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչև 2006թ.-ի օգոստոսը աշխատել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։
2006թ.-ի հոկտեմբերից Արթուր Հակոբյանն աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009-ից մինչև 2012թ՝․նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլ ամիսը հանդիսացել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։
2014-ից մինչև 2016թ –ի օգոստոսը զբաղեցրել է "Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ" և "Դիլիջան Դեվելոփմենթ" հիմնադրամների գործադիր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագիրը։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։