Արդարադատության նախարարն ողջունեց լրագրողների նախաձեռնությունը
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց «Հինգշաբթի» խորագիրը կրող լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցհանդես-վաճառքը: Ցուցահանդեսին մասնակցում են 12 լրագրող հայաստանյան տարբեր լրատվամիջոցներից, ովքեր շուրջ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի:
«Դասընթացը հրաշալի հնարավորություն էր կոնկրետ ինձ համար իրագործելու այն, ինչ երկար ժամանակ խմորվում էր իմ մեջ: Շատ եմ սիրում խաղալ գույների հետ անվարժ վրձինով: Միշտ ուզում էի լիներ մեկը, ով իմ վրձնին ավելի համարձակ շարժվելու հնարավորություն կտար»,- ասաց լրագրող Ալիսա Գևորգյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Տպավորություն այնպիսին է, որ բավականին հաջող է ստացվել: Կարծում եմ՝ կկարողանամ ընտրություն կատարել: Լավ նախաձեռնություն է, հատկապես բարեգործական բնույթը»,- ասաց նախարարը:
Մուղդուսյան արվեստի կենտրոնի տնօրեն Մարիամ Մուղդուսյանի խոսքով, արվեստի կենտրոնը նախաձեռնելով այս դասընթացը՝ նպատակ չի ունեցել ցուցահանդես-վաճառք իրականացնել, պարզապես ցանկացել են մի քանի լավ ժամ պարգևել լրագրողներին:
«Այնուհետև լրագրողներն առաջարկել են անել բարեգործական ցուցահանդես-վաճառք»,- հավելեց նա:
Ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթի մի մասը կփոխանցվի Մուղդուսյան արվեստի կենտրոնին, որտեղ հաճախում են նաև սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 3-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: