«Պատմություններ ճանապարհից». Բացվեց Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը
Հունաստանից Հարավային Օսեթիա, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից Արցախ ու Հայաստան, 2004-ից մինչև 2016-ի Ռիոյի Օլիմպիական խաղեր, տարբեր երկրների աշխարհիկ ու հոգևոր առաջնորդներ, հաղթանակ տոնող մարզիկներ, մշակութային գործիչներ, բնության տեսարաններ:
Նկարիչների միությունում այսօր բացվեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին հիմնականում պաշտոնական լրահոսից դուրս մնացած 40 լուսանկարներ:
«Ամեն լուսանկար մի ճամփորդությունից է: Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում թե Հայաստանի տարածքում, թե այլ երկրներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Դ. Հակոբյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը լուսանկարում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, Ճապոնիայի կայսրի, Հռոմի պապի, Շարլ Ազնավուրի դիմանկարները, Արթուր Ալեքսանյանը տոնում է հաղթանակը, Արոնյանը խաղատախտակի դիմաց մտածելիս, Աթենքն ու Սարսանգի ջրամբարն ափիդ մեջ են…
Նա էլ մյուս լուսանկարիչների պես միշտ մտածել է անհատական ցուցահանդես ունենալու մասին: Լուսանկարելիս երբեմն զգացմունքները տեղի են տալիս, բայց դրանք արագ էլ սաստվում են:
«Օրինակ, որ Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, ես չգիտեի՝ ուրախանամ, թե նկարեմ: Վերջիվերջո նկարեցի»,-պատմում է Դավիթը:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից հեղինակն առանձնացնում է Սերժ Սարգսյանի՝ Հորդանան գետում արված լուսանկարը:
«Մալադեց»,-ավագ գործընկերոջ իրավունքով ու մասնագետի աչքով գնահատում է նախագահի անձնական նախկին լուսակարիչ Մարտին Շահբազյանը:
Նա խոստովանում է, Դավիթի տարիքում ինքը վախեցել է ցուցահանդես բացել. «Ես միշտ մտածել եմ՝ ի՞նչ կասեն մասնագետները, ավագ ընկերներ: Պետք է ընենց անես, որ խոսելու տեղ ունենաս: Այսօր Դավիթը մաքրվեց ու դատարկվեց: Թե մեկ տարի հետո ինչ նկարներ է ներկայացնելու, խնդիրն իր համար ավելի բարդանալու է»:
Մարտին Շահբազյանը նշում է, որ Դավիթ Հակոբյանը միջազգային հայտնի լրատվամիջոցների լուսանկարիչներին ոչնչով չի զիջում: Հայ-ադրբեջանական սահմանից արված Արարատ լեռան լուսանկարը մատնացույց անելով՝ Շահբազյանն ընդգծեց. «Սա հենց այն է, ինչ ես եմ ուզում: Ժողովուրդն ուզում է այն, ինչ ինքը չի կարող տեսնել»:
Ցուցահանդեսի հյուրերը պաշտոնատար անձինք են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի, մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյան ու Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հոգևորականներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքագետներ, հիմնականում լրատավամիջոցների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ:
Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին դուր է եկել Հորդանանում նախագահի նկարը, Ծիծեռնակաբերդում Քլունիի նկարը, Հռոմի պապի՝ «հրեշտակի թևեր» անվանումը ստացած նկարն ու ևս մի քանիսը:
«Հռոմի պապի այդ նկարը կարծում եմ արդեն դարձել է ոչ միայն մեզ համար նորագույն պատության լուսանկար, այլև Սուրբ Աթոռի համար Պապի լավագույն նկարներից մեկը»,-ասաց Աշոտյանը:
Հասմիկ Պողոսյանն ուրախ է, որ Հայաստանում լուսանկարչությունը զարգանում է որպես արվեստի առանձին ճյուղ:
Նշենք, որ Դավիթ Հակոբյանը 2007-10թթ աշխատել է «Արմենպրես», ապա` «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում` որպես ֆոտոլրագրող: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում: 2010թ-ից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ:
Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է: