Դատարանը ցույց տվեց, որ Հայաստանը ՌԴ-ին գործընկեր երկիր է. Միրոնովի կինը՝ որոշման մասին
Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որը միջազգային մակարդակով հետախուզման մեջ է և ձերբակալվել էր Հայաստանի իրավապահների կողմից դատարանի որոշմամբ չի կարող 40 օր լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին՝ մերժելով դատախազության միջնորդությունը կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին: Դատավորը եղել է Մնացական Մարտիրոսյանը:
«Դատախազությունը այսօր չկարողացավ ներկայացնել ոչ մի հիմք: Միգուցե ժամանակի սղության պատճառով չեն ծանոթացել, բայց չներկայացվեց այն փաթեթը, ամերիկյան օրենսդրության համաձայն, որը պետք է ներկայացվեր, չկար ոչ դատական որոշում ամերիկյան, ոչ հետախուզման հայտարարությունը», -նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Միրոնովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, ով այս գործի կապակցությամբ ՌԴ-ց ժամանել է Հայաստան:
Նրա խոսքով, Միրոնովը Հայաստանում կմնա նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության երաշխավորությամբ: Փաստաբանը փոխանցեց, որ դատարանի փորձել են բացատրել, որ սա ոչ թե քրեական, այլ հասարակական-քաղաքական գործ է:
Միրոնովը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է, իր հերթին ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը դեմ չէ, և կմնա Հայաստանում ու կհիանա երկրի բնությամբ:
Շարունակելով ամուսնոն, Միրոնովի կինը՝ Յուլյան, հայտարարեց, որ գոհ է Հայաստանի դատարանի որոշումից. «Հայաստանը ապացուցեց, որ Ռուսաստանի լավ ընկերն է»:
Նրա խոսքով, ամուսնուն լավ են վերաբերվել և թույլ են տվել նույնիսկ սնունդ փոխանցել, այն էլ՝ խորոված:
«Ես երախտապարտ եմ, որ Հայաստանը հաստատեց, որ գործընկեր երկիր է, և գիտեք՝ ես դա զգացի նույնիսկ հյուրանոցում, որտեղ մոմ էին վառում և աղոթում ինձ համար», -հուզված պատմում էր կինը:
Նա նաև կատակեց. «Տեսարժան վայրերը, որոնք մինչ այդժմ տեսել եմ Հայաստանում, ձերբակալվածների պահման վայրն է, դատարանը»:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 30-ամյա Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Ըստ աղբյուրի, հետախուզվողը մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Սերգեյ Միրոնովը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Լուսանկարը՝ Sputnik
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային մակարդակով հետախուզվող ռուսին Հայաստանի դատարանը ազատ է արձակել
- Հայաստանում միջազգային մակարդակով հետախուզվող ռուս է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում