Ուզբեկստանի նախագահի դուստր. Հայրս վերակենդանացման բաժանմունքում է
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան հաստատել է, որ իր հայրը հոսպիտալացվել էր ինսուլտ ախտորոշմամբ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
«Ուղեղի արյունազեղման հետևանքով շաբաթ առավոտյան հոսպիտալացվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն»,- իր ֆեյսբուքում գրել է Քարիմովան:
Նա նշել է, որ դեռևս վաղ է որևէ կանխատեսում անել, թե ինչպես կլինի ապագայում:
Նախօրեին Ուզբեկստանի պաշտոնական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Իսլամ Քարիմովը ստանում է ստացիոնար բուժման և նրան անհրաժեշտ է լիարժեք բուժզննում: Միաժամանակ ԶԼՄ-ները չէին նշել, թե ինչու է տեղափոխվել հիվանդանոց:
«Ֆերգանա.ռու» կայքը գրել է, որ Տաշքենդ են ժամանալ արտասահմանից հայտնի բժիշկներ, ովքեր ավելի վաղ բուժել են Քարիմովին և ծանոթ են նրա հիվանդության պատմությանը:
78-ամյա Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի նախագահն է 1990 թվականից: