Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» քրեական գործերը միացնելու իմաստն անհասկանալի է. Փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց պաշտպանական կողմի բողոքը Ժիրայր Սեֆիլյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման վերաբերյալ: Դռնփակ դատական նիստից հետո Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը ճեպազրույցում հայտարարեց, որ նախաքննական մարմինը չի հիմնավորել կասկածը, որ Սեֆիլյանն առնչություն ունի քննվող քրեական գործի հետ և առավել ևս իրեն մեղսագրվող արարքի հետ:
Հիշեցնենք՝ Սեֆիլյանը անցնում էր որպես մեղադրյալ երկու քրեական գործերով, որոնցից մեկը 2015-ի ապրիլի 24-ին էր առնչվում, և նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար, իսկ մյուս քրեական գործը նրա նկատմամբ հարուցվեց այս տարի մայիսին. այս դեպքում նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Սեֆիլյանին առնչվող այս քրեական գործերը, հիշեցնենք, վերջերս միացվեցին հուլիսի 17-ին ՊՊԾ-ն գրաված «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քրեական գործին:
«Դատարանը իր որոշումը փաստարկում է նրանով, որ Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը: Չի երևում քննիչի կողմից գործը ջանասիրաբար քննելու հանգամանքը, և դատարանը չի պատճառաբանել, թե ինչո՞ւ է մերժում գրավ կիրառելու մասին միջնորդությունը», -հայտարարեց փաստաբան Արա Զաքարյանը:
Փաստաբանը ապօրինի զենք պահելու վերաբերյալ քրեական գործը համարում է շինծու և ընդգծում, որ Սեֆիլյանի մասնակցությամբ այդ քրեական գործի նախաքննության շրջանակներում որևէ քննչական գործողություն չի իրականացվել:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի վերաբերյալ քրեական գործերի միաձուլմանը, ապա Զաքարյանն ասաց, որ ինքը այդ միաձուլումից ոչինչ չի հասկացել:
«Այս գործերը միացնելու իմաստն, անկեղծ ասած, չեմ կարողանում հասկանալ, որովհետև բոլորովին այլ, ենթադրյալ հանցագործությունը միացնելը խոսում է մի բանի մասին՝ իշխանությունները ընդդիմության հանդեպ ուզում են հաշվեհարդար տեսնել», -հայտարարեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի վերաբերյալ միացված գործերով մեղադրյալ է ներգրաված 60 անձ, 50-ը կալանավորված են
- Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործը կքննվի մեկ վարույթում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան