Չեմ կարծում, թե Բակո Սահակյանը տենչացել ու տենչում է նախագահության երրորդ ժամկետին. Գեղամ Բաղդասարյան
Արցախում սահմանադրական փոփոխությունների անցկացումը քաղաքական նպատակահարմարություններից բխող ձեռնարկ է, որը պետք է չեղարկել: Այդ մասին այսօր Արցախում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեսակետ հայտնեց փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
Նրա կարծիքով, Արցախի համար կարևորը քաղաքական հավասարակշռությունն է, որի փոխվելու դեպքում կփոխվի նաև միջազգային հանրության վերաբերմունքը հայկական երկրորդ պետականության նկատմամբ:
«Արցախի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոփոխությունը լինելու է ամենամեծ վտանգը ցանկացած ժամանակակից զենքից առավել, և հիմա այս անցումային շրջանը հենց այդ հարվածն է լինելու Արցախի անվտանգույանը: Այս ամենը բխում է քաղաքական կոնյուկտուրայից: Ձեզ անկեղծ ասեմ՝ Բակո Սահակյանը այն մարդը չէ, կոպիտ ասած, պաշտոնի մեռած մարդ չէ, չեմ կարծում, թե նա տենչացել ու տենչում է երրորդ ժամկետին:
Սա բխում է քաղաքական նպատակահարմարությունից թե Ստեփանակերտից, թե Երևանից: Ըստ երևույթին, չեմ բացառում, որ նման առաջարկ է արվել, որի իմաստը քաղաքական կայունությունն է: Բայց ես այլ կերպ կձևակերպեմ՝ դա վախ է փոփոխությունների հանդեպ», -պնդեց Բաղդասարյանը՝ նկատելով, որ Արցախի նախագահը կարող է հրաժարվել դեպքերի զարգացումից: