Ադրբեջանը՝ Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում
Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանում Իրանի դեսպան է նշանակվել Ջավադ Ջահանգիրզադեն: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպում է ունեցել նորանշանակ դեսպանի հետ, որը նախագահին է ներկայացրել այն ծրագիրը, որը փորձելու է իրականացնել Ադրբեջանում:
Իսկ մինչ այդ՝ օրերս իր չորսամյա պաշտոնավարումն է ամփոփել արդեն Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը: Նա իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում չափազանց ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների ընդլայնումը կնպաստի Իսրայելի մեկուսացմանն Ադրբեջանում:
62-ամյա փորձառու դիվանագետ Մոհսեն Փաքայինին հաջողվեց Իրան-Ադրբեջան հարաբերություններում տևական ժամանակ գերիշխող անվստահության մթնոլորտը զգալիորեն բարելավել:
Իրան-Ադրբեջան ներկայիս հարաբերությունների ֆոնին Մոհսեն Փաքայի՝ Իսրայելի վերաբերյալ արած հայտարարությունը կարծես թե հուշում է, թե նորանշանկ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն, որը երկար տարիներ եղել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, հատկապես որ ոլորտի վրա պետք է ուշադրություն դարձնի:
Մինչ Իրանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանը դիտվում էր որպես Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակում գործելու տարածք, հետևաբար անկախ դրանից, թե Իրան-Ադրբեջան հարաբերությունները ներկայում ինչ մակարդակում են գտնվում, միևնույնն է Ադրբեջանը, լինելով Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ռազմավարական դաշնակիցը, Իրանի համար լուրջ սպառնալիք է ներկայացնում, դրա մասին նույնիսկ հստակ արտահայտվել է ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին՝ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում Ադրբեջանի հարցում երկու կարևոր հարց է ընդգրկված, առաջինը վերաբերում է Իսրայելին ու Սաուդյան Արաբիային, երկրորդը՝ Թուրքիային:
Եթե անվտանգության տեսանկյունից Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակն Իսրայելին հնարավորինս մեկուսացնելն է, ապա կրոնաքաղաքական ազդեցության մեծացման տեսանկյունից Իրանը նրբանկատորեն շարունակելու է վարել Ադրբեջանին Անկարայի ազդեցության տիրույթից դուրս բերելու քաղաքականությունը: