ԿԽՄԿ նախագահի կոչը՝ Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ
Օօգոստոսի 30-ի՝ Անհայտ կորածների միջազգային օրվան ընդառաջ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը կոչ է արել կառավարություններին անհապաղ հասցեագրել մարդասիրական խնդիրները, որոնք առնչվում են անհայտ կորածներին՝ այն անձանց, ովքեր անհայտ կորել են զինված հակամարտության կամ բռնության այլ իրավիճակներում, բնական աղետների կամ միգրացիայի հետևանքով։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Մաուրերն ասել է՝ համաձայնեցված ջանքեր են անհարժեշտ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և փաստաթղթավորելու, ինչպես նաև նրանց ընտանիքներին պատասխաններ և աջակցություն տրամադրելու համար. «Միլիոնավոր մարդիկ են բախվել այս ողբերգության հետ, այդուհանդերձ, այն պատշաճ կերպով չի ընդունվում և բավարար չափով չի լուսաբանվում։ Նման անտարբերությունը չափազանց մտահոգիչ է: Անհետացումները հաճախ զգայուն սոցիալական և քաղաքական խնդիր են, բայց դա անգործության արդարացում չի կարող լինել։ Պատասխաններ տրամադրելու համար կառավարությունները պետք է դրսևորեն քաղաքական կամք։ Պետք է քայլեր գործադրեն անհետացումները կանխելու համար, իսկ երբ մարդն անհայտ կորել է՝ հավաքագրեն ամբողջական տեղեկություններ, որոնք ինչ-որ պահի կարող են օգնել հարազատներին և սիրելիներին պատասխան տալու հարցում»։
Աշխարհում անհայտ կորած անձանց ճշգրիտ թվի վերաբերյալ չկա հստակություն, սակայն ԿԽՄԿ-ի գնահատումով նրանք հաշվվում են առնվազն հարյուր հազարներով։ Նրանց թվում են մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած մարտիկները, տները լքելու կամ զինված խմբերին ստիպողաբար միանալու հետևանքով ծնողներից անջատված երեխաները, ընտանիքի հետ կապ հասատել չկարողացող դատապարտյալները, հարազատների հետ կապը կորցրած ներքին տեղահանված անձիք և փախստականները։ Անհրաժեշտ է հիշել, որ ամեն տարի անհայտ կորելու վտանգը սպառնում է մեծ թվով մարդկանց։
Ճշգրիտ տվյալների բացակայությունն ինքնին խնդրի մի մասն է։ Թվերը, սակայն, չեն կարող փոխանցել տառապանքի խորությունը՝ կապված յուրանքաչյուր անձի հետ։ Հետևաբար, պետք է հսկայական մտահոգության առիթ հանդիսանա այն, որ անհայտ կորածների հիմնահարցը՝ իր ողջ մասշտաբով և ընտանիքների, համայնքների և հասարակության վրա ունեցած ազդեցությունով հանդերձ՝ հաճախ պարզապես անտեսված է։
ԿԽՄԿ-ն կոչ է անում կառավարություններին ակտիվացնել իրենց արձագանքը, զարգացնել համապատասխան իրավական դաշտ, ինչպես նաև անհրաժեշտ համակարգեր և ընթացակարգեր, որպեսզի հաշվետու լինեն անհայտ կորած անձանց համար և ապահովեն արդյունավետ աջակցություն նրանց ընտանիքներին:
«Նրանք, ովքեր ունեն ազդեցություն և ի զորու են օգնել, օգտվելով Անհայտ կորածների միջազգային օրվա առիթից, պետք է դրսևորեն իրենց կամքն այս հարցում: Խարխափել մթության մեջ՝ չիմանալով, թե ինչ է կատարվել ձեր սիրելիի հետ․ պատկերացրեք այն ցավը, որ դա կպատճառի։ Պետք է անել ավելին՝ հանուն մարդկության»,- ասել է Մաուրերը։
«1992-1994 թվականների Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում գրանցված կան մոտ 4500 անհայտ կորած անձինք։ Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին այս անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին, օրինակ, օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, կողմնորոշվել իրավական խնդիրներ լուծելիս, ինչպես նաև առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն»,-նշված է ԿԽՄԿ հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան