Արցախցիների հարյուր ու մի դարդը Սահմանադրությունը չէ. Քննարկում
Արցախում սահմանադրական փոփոխություններով նախագահական համակարգին անցումը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը պայմանավորում է ապրիլյան դեպքերով, իսկ փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը ընդհանրապես, փոփոխությունները համարում է «կեղծ օրակարգ»:
«Երբ Հայաստանի կառավարման համակարգը անցում կատարեց խորհրդարանական կառավարման, ենթադրվում էր, որ նույն անցումը կկատարվի նաև Արցախում, սակայն Ապրիլյան դեպքերը իրավիճակ փոխեցին և փոփոխությունը կատարվեց դեպի սուպերնախագահական», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Պատգամավորն ասաց, որ այդ փոփոխության մեջ դրական էլեմենտներ, այնուամենայնիվ, տեսնում է՝ պետական կառավարման համակարգում կրճատումներ կլինեն, բյուջեն կտնտեսվի:
«Բայց եկեք պատկերացնենք, որ Արցախում կրկնվեր հայաստանյան խորհրդարանական կառավարման մոդելը, երբ կլիներ կայուն մեծամասնություն, ապա Արցախի 33 հոգանոց խորհրդարանում կայուն մեծամասնության ձայնը ընդամենը մեկ մարդունը կլիներ», -նկատեց Պողոսյանը:
«Արցախցիների հարյուր ու մի դարդը Սահմանադրությունը չէ և սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են», -հայտարարեց Գեղամ Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ Արցախում այս պահին կան շատ ավելի լուրջ մարտահրավերներ, և իշխանությունը պետք է մտածեր դրանց դիմակայելու մասին ու թեթևացնել մարդկանց բեռը:
Որպես խնդիր, Բաղդասարյանն օրինակ մատնանշեց հեղուկ գազի գինը, որն ըստ նրա կրկնակի թանկ է, քան Հայաստանում:
«Կան մոնոպոլիաներ բոլոր ոլորտներում, Արցախում կա ընդամենը մեկ հեռուստաընկերություն, կա բազմազանության խնդիր բոլոր ոլորտներում»,- ներկայացրեց Բաղդասարյանը:
Նրա կարծիքով, Սահմանադրությունը կամ պետական կառավարման մոդելի փոփոխությունը չէ այս ամենը լուծելու բանալին և բացի այդ, փորձագետը համաձայն չէ այն պնդումներին, թե սահմանադրական փոփոխությունների առիթը ապրիլյան պատերազմն է:
«Մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը մեղմ ասած, ոչ նախանձելի վիճակը հնարավոր էր կառավարման այս մոդելի պայմաններում և այս մոդելի պայմաններում հնարավոր էր նաև այն ֆանտաստիկ գործը, որ արվել է ապրիլից հետո մինչև այսօր, ուղղակի անհավատալի տեմպերով և ուղղակի անհավատալի միջոցներ են ձեռնարկվել մեր անվտանգության ապահովման ուղղությամբ», -հայտարարեց Բաղդասարյանը:
Ընդդիմության հայտարարությունները, թե Արցախում սահմանադրական փոփոխությունները իշխանությունների վերարտադրության պայման է, Բաղդասարյանը մասամբ է ընդունելի համարում, քանզի իշխանությունը Արցախում «վերարտադրվելու արգելք չունի և հանգիստ կարող է վերարտադրվել»:
«Չկա բավարար ռեսուրս ունեցող ընդդիմություն, որը կարող է մրցակցել իշխանության հետ և խոչընդոտել նրա վերարտադրությանը», -նկատեց փորձագետը:
Սահմանադրական փոփոխությունները Բաղդասարյանը քաղաքական հաշվարկ է համարում, որը ձեռնարկել են առանձին խումբ մարդիկ:
Արցախում Սահմանադրական բարեփոխումների սցենարի դեպքում, փորձագետը կարծում է, որ գործող նախագահ Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել երրորդ ժամկետով:
Այս պայմաններում, Բաղդասարյանն առաջարկում է «դրա դեմն առնել» և 2017-ին միաժամանակ անցկացնել թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններ, անմիջապես անցում կատարել այս մոդելին՝ առանց երեք տարվա անիմաստ անցումային շրջանի, առանց ավելորդ ծախսերի, ավելին առանց Արցախին հասցվելիք անիմաստ բարոյական վնասի:
«Պարզ գիտեք՝ ում հետ են մեզ համեմատելու նախագահական այս երրորդ ժամկետի կապակցությամբ: Անունը ինչ ուզում եք, դրեք, սա լինելու է երրորդ ժամկետ, եթե նույն մարդը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Մենք պետք է խուսափենք դրանից», -հայտարարեց Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, որ կառավարման համակարգում կգտնվեն ռացիոնալ մտածող մարդիկ և կհրաժարվեն փոփոխություններից: