«Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգել է Նալբանդյան գյուղի դպրոցը
Այսօր, նոր ուսումնական տարվա շեմին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում բացվել է համայնքի հիմնովին վերանորոգված դպրոցը՝ խորհրդային ժամանակներին հատուկ ընդարձակ մի կրթօջախ, որտեղ ներկայումս ուսանող 551 աշակերտները ստանում են նախադպրոցական, միջնակարգ և ներառական կրթություն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ հանդիսավոր արարողությունը կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, Տորոնտոյի տեղական մարմնի ներկայացուցիչների ու կանադահայ հյուրերի մասնակցությամբ: Արդեն իսկ տանտիրոջ իրավունքով միջոցառմանը մասնակցել են ծրագրի հովանավոր Նալպանտեան ամուսիններն իրենց հարազատների հետ միասին: Ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, այլ պաշտոնատար անձինք:
«Երկիրն ուժեղ է իր համայնքով, իսկ համայնքը՝ կրթությամբ: Ձեզ տրված է հայրենիքը հզորացնելու հիանալի հնարավորություն, քանի որ արդեն իսկ ունեք ուսումնառության համար լիարժեք պայմաններ»,- ողջույնի խոսքում նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Շնորհակալություն հայտնելով Նալպանտեան ամուսիններին՝ դպրոցի տնօրեն Տիգրան Գևորգյանն ասել է «Կանադահայ այս բարերար ընտանիքի շնորհիվ Արարատյան դաշտի սրտում կանգնած մեր համայնքը կարող ենք դարձնել կրթության ու գիտության կենտրոն»:
Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը համայնքի կողմից բարերար ամուսիններին հանձնել է Նալբանդյանի պատվավոր քաղաքացի կոչման հավաստագիր:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Հուրի Նաջարյանն իր խոսքում նշել է, որ Նալպանտեան ընտանիքի նվիրատվությամբ այս ձեռնարկը տեղական մարմնի կողմից կյանքի կոչված 50-րդ` հոբելյանական ծրագիրն է և ամենածավալունը հանձնախմբի գործունեության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով բարերարներին, նա նշեց, որ Արմէն և Պերճուհի Նալպանտեանների աստվածահաճո այս գործը վարակիչ է, և պատահական չէ, որ հենց նրանց զավակների հովանավորությամբ Արցախում առանձնատներ են կառուցվում երկու բազմազավակ ընտանիքների համար:
Հիմնադրամի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցների համար հաճելի անակնկալ էր բարերար ընտանիքի ցանկությունը և պատրաստակամությունը՝ փոխհատուցելու դպրոցի 2017թ. 10 լավագույն այն շրջանավարտների ուսման վարձը, ովքեր կուսանեն հայաստանյան բուհերում:
Դպրոցի սաներն ազգային երգ ու պարով գեղեցկացրին հանդիսությունը՝ ցուցադրելով դպրոցում գործող ժողովրդական պարերի խմբակներում ստացած իրենց վարպետությունը: Տարբեր երաժշտական կատարումներով նրանց միացան նաև բարերար ընտանիքի անդամները:
Օրը չի սահմանափակվել միայն դպրոցի բացումով. մեր հայրենակիցները մասնակցել են համայնքի ուրախությունը նշանավորող այլ միջացառումների ևս:
1967թ. կառուցված եռահարկ դպրոցը՝ երեք մասնաշենքերով /շուրջ 3200 քմ մակերեսով/, ուժեղացվել է, վերահատակագծվել, վերակառուցվել, արդիականացվել և համալրվել նոր կահույքով ու գույքով: Բարեկարգվել է գլխավոր մուտքի հարակից տարածքը: Հիմնադրամը դպրոցին կից կառուցել է նաև նոր ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով և սանհանգույցներով, ինչն ավելի լիարժեք կդարձնի սաների առօրյան և ժամանցը:
16-րդ դարի կեսերին հիմնված համայնքը, որն այսօր կրում է հայ հայտնի գրող Միքայել Նալբանդյանի անունը, ունի 5400 բնակիչ: Տեղաբնակներից բացի այստեղ բնակվում են նաև Արևմտյան Հայաստանից գաղթածների սերունդները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները