Հայաստանի չեմպիոնն այս անգամ հանդես կգա հիմնական կազմով
Օգոստոսի 31-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմը երկրորդ միջազգային ընկերական խաղը կանցկացնի և դարձյալ կհանդիպի Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող և իր երկրի առաջնությանը նախապատրաստվող Իրաքի «Զախո» թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ «Ալաշկերտը» հանդես կգա հիմնական կազմի ֆուտբոլիստներով: Վերոնշյալ դիմակայությունը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հանգստանալու հնարավորություն էր տվել այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցել էին ՀՀ առաջնության 3-րդ տուրի «Բանանցի» հետ խաղին: Խաղադաշտում էին ոչ հիմնական կազմի խաղացողները, իսկ ընդմիջումից հետո փոխարինման մտան դուստր թիմի ֆուտբոլիստները: Այդ խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց: