Արսեն Ջուլֆալակյան. «Չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական»
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է սպորտի անկանխատեսելիության մասին:
«Ցավոք, սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է... Եվ չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։ Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ Ձեզ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես:
Երկու բառով պետք է անդրադառնամ նաև մեր նոր օլիմպիական հերոսներին, քանի որ մամուլն ու մեդիան պատահական կամ մտածված շատ հաճախ թերի կամ բացարձակ սխալ է ներկայացնում այդ սխրանքը կերտողներին։ Հասկացեք, հարգելիներս, երբ հարցազրույցներ,նկարահանումներ, ուղիղ ռեպորտաժներ կամ նման տիպի այլ բաներ եք անում, ոչ թե դա արեք նրանց հետ, ովքեր տեսախցիկ, բարձրախոս, ձայնագրիչ են ման գալիս, այլ փնտրեք և գտեք արժանիներին, ովքեր իրենց ամբողջ գիտակից կյանքը, առողջությունը, ժամանակը, մի խոսքով ամեն ինչը տվել են այդ գործին՝սպորտին։ Դա վերաբերում է և՛ մարզիկներին, և՛ մարզիչներին, ում շատ հաճախ շատերը մոռանում են, կամ հիշում ոչ անհրաժեշտ չափով։ Թե չէ ստացվում է բոլորիս քաջ ծանոթ ժողովրդական խոսքը՝ «սանատորիա գնացողի» մասին...»: