Ռուսաստանի լողի հավաքականն Օլիմպիադայից առաջ մարզվել է ռազմական բազայում
Ռուսաստանի սինխրոն լողի հավաքականի գլխավոր մարզիչ Տատյանա Պոկրովսկայան պատմել է, որ իր սաները մարզվել են ռազմական բազայում, քանի որ Օլիմպիական խաղերից առաջ Ռիո դե Ժանեյրոյի լողավազանի ջրի հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջ եկել: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Ջրի հետ կապված խնդիրն Օլիմպիադայի մեկնարկից առաջ մեզ անհանգստանալու տեղիք տվեց: Լողավազանում քլորը պակասեցրել էին, և երևի շատերդ եք տեղյակ, թե դրանից հետո այն ինչ էր դարձել: Արդյունքում՝ մնացել էինք առանց մարզումների: Օգնություն խնդրեցինք բրազիլացիներից: Մեզ ուղարկեցին մի կղզի, որտեղ էլ շարունակեցինք մարզվել ռազմաբազայում»,- ասել է Պոկրովսկայան: