Օլիմպիական խաղերի մեդալակիրները ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը
Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունել է օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադլյանի: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքը:
Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն է հայտնել, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար: Նա նաև կարևորել է այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչեցնելով Հայաստանը ողջ աշխարհին:
Մրցանակակիր մարզիկները, իրենց հերթին, խորին շնորհակալություն են հայտնել ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրել են, որ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու: