Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն ավարտվել է, տեղադրվել է տիտանային հարթակ
Քիչ առաջ ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, վիրահատությունը նորմալ է անցել, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է:
«Կարծում եմ, որ մեկ-երկու օր հետո Աշոտ Պետրոսյանին կտեղափոխենք հետագա բուժման «Դատապարտյալների հիվանդանոց»,-ասաց նա:
Ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի, այնպես էլ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունները վերջնական են: «Դրանք վերջնական ֆիքսացիաներ են, որոնք կատարվում են հատուկ մետաղական հարթակների միջոցով: Այդ վիրահատությունների իմաստն այն է, որ հիվանդները շուտ ապաքինվեն և արագ սկսեն քայլել»,- նշեց ԲԿ-ի գործադիր տնօրենը:
Հարցին, թե որքանով են վստահ, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» պատշաճ և որակյալ բուժօգնություն կցուցաբերվի թե Արամ Մանուկյանին, թե Աշոտ Պետրոսյանին, Միքայել Մանուկյանը նախ ասաց, որ որակների մասին չի կարող խոսել, քանի որ ինքն այդ հիվանդանոցի ղեկավարը չէ:
«Սակայն կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այդ հիվանդանոցի բժիշկների հետ մենք մշտական կապի մեջ ենք գտնվում, և այն հիվանդներին, որոնց մենք վիրահատել ենք, գտնվում են բավարար վիճակում, դա փաստ է։ Փաստ է նաև այն, որ այդ բավարար վիճակն էր, որ մեզ թույլ տվեց այսօր կատարել բավականին բարդ երկու վիրահատություն: Եթե հիվանդանոցի վիճակը բավարար չլիներ, ապա Արամ Մանուկյանի և Աշոտ Պետրոսյանի վիրահատությունները հնարավոր չէր լինի իրականացնել: Այսինքն՝ այդ մարդկանց վերքերը չէր լավանա, և չէր հասնի այն վիճակին, որ կարողանայինք վերջնական վիրահատություն անել: Այստեղից պետք է հետևություն անել, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժօգնությունը պատշաճ է իրականացվում»,– ասաց Միքայել Մանուկյանը:
Նա նաև հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Արմեն Լամբարյանին, որոնք գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում» նույնպես պետք է վիրահատեն:
Սակայն այդ վիրահատությունները կկատարվեն այն ժամանակ, երբ նրանց վերքերն ամբողջությամբ լավանան:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, վիճակը բավարար է. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
- Հազիվ հասցրի ձեռքը բռնեցի. Արամ Մանուկյանի մայրը՝ որդու մասին