ՃՈ պաշտոնյայի կոչը դպրոցականներին
Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է. օգոստոսի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 1972 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 150 և վիրավորվել 2794 մարդ: Այդ մասին տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Ներկայացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները, պաշտոնյան ասաց, որ պատահարների քանակը նվազել է 174-ով:
«Հայաստանում կա կայուն վթարայնության վիճակ, և կարելի է վիճակը գնահատել բավարար, քանի որ վերջին հինգ տարիների տարեց տարի աճող տենդենցի պայմաններում, այսօր պատկերը միանգամայն փոխվել է», -հավելեց պաշտոնյան:
Ներկայացված վիճակագրությունը ՃՈ պաշտոնյան «ձեռքբերում» համարեց և այն պայմանավորեց երեք գործոններով՝ խստացվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող վարորդների հայտնաբերումը, թաղանթապատված դիմապակիներով մեքենաների վարորդների նկատմամբ խիստ մոտեցումը, սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ տարվող ՃՈ աշխատանքն է:
Նորիկ Սարգսյանն ասաց, որ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ երևանյան ու նաև մարզային շատ դպրոցների մոտակայքում ՃՈ ծառայողները հսկողություն կիրականացնեն և այդպես մեկ ամիս շարունակ:
«Ոստիկանության կողմից ամեն ինչ արվելու է տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհը անվտանգ դարձնելու համար: Բայց անվտանգ լինելու խնդիրը կախված է նաև երեխաներից, ծնողներից ու պետք է այնպես անենք, որ միամսյակից հետո հայտարարենք, որ ոչ մի երեխա վրաերթի չի ենթարկվել տնից դպրոց և դպրոցից տուն ճանապարհին: Դրա համար կոչ եմ անում մեր երեխաներին ճանապարհը կտրել-անցնել միայն սահմանված վայրերով, հետևել լուսացույցի ազդանշաններին, չխաղալ ճանապարհների վրա, հեծանիվներ չվարել ճանապարհներին, այլ՝ սահմանված վայրերում՝ բակերում», -հայտարարեց Սարգսյանը:
Բացի երեխաներից, նա կոչ ուղղեց նաև վարորդներին. «Լինել առավել զգոն, հատկապես դպրոցամերձ տարածքերում, որովհետև հնարավոր է, որ այդ ժամանակ երեխա հայտնվի ճանապարհի բանուկ մասում, պետք է պարտադիր կանգնել ու զիջել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան